Մի սովորական օր բացելով Ֆեյսբուքը տեսա, որ ընկերության առաջարկ եմ ստացել 71-ամյա Զարուհի տատիկիցս։ Ճիշտ է, սկզբում կարծում էի, թե գլուխ չի հանի այս սոցիալական ցանցից եւ շուտով կթողնի այդ զբաղմունքը։ Բայց պատկերացրեք, թե որքան մեծ էր զարմանքս, երբ տատիկս սկսեց ավելի ակտիվ ֆեյսբուքյան կյանք վարել քան ես։ Նա միշտ առաջին հավանողների թվում է, երբ մի նոր ֆոտո եմ տեղադրում։ Ավելացնեմ, որ տատիկս ինձանից էլ շատ է ֆոտոներ ավելացնում։ Չաթով հետս քննարկում է վերջին լուրերը, որոնց նա նույնպես Ֆեյսբուքով է բաժանորդագրված։ Իսկ տոներին, պատիս շնորհավորանքներ է գրում։
Իհարկե, այսքանով տատիկիս ինտերնետային արկածները չավարտվեցին։ Շուտով նա արդեն Յություբում (Youtube) բաժանորդագրված էր կար ու ձեւի վարպետների էջերին։
-Հոգյակս, արի քեզ սրանից կարեմ,- ամեն անգամ ասում է տատիկս, երբ մի հետաքրքիր հագուստի մոդել է գտնում։ Նման առաջարկից դժվար է լինում հրաժարվել, իմանալով որ տատիկիս կարած զգեստը կամ շապիկը դառնալու է պահարանիս ամենաինքնատիպ եւ չկրկնվող մասը։ Դե իհարկե, բոլոր մանրամասնրը արդեն ֆեյսբուքով ենք պայմանավորվում՝ երբ գնանք կտորն ընտրելու կամ որ ժամին գամ նախնական փորձի, վերջում էլ արդեն պատրաստի հագուստով նկարս եմ ուղարկում նրան։
Տատիկիս գրաված հաջորդ ինտերնետային տիրույթը Փինթերեսնթն էր (Pinterest)։ Երբ ընտանիքով վայելում էինք նրա պատրաստած նոր թխվածքը, չէինք էլ պատկերացնում, որ բաղադրատոմսը հենց Փինթերեստից է գտել։
Վերջերս էլ այգու համար ծաղիկների սերմեր է գնել… օն-լայն խանութից։
Մի օր էլ, երբ Ինստագրամում (Instagram) նկարներ էի թերթում, տատիկս անմիջապես նկատեց իրեն անծանոթ սոցիալական ցանցը։
-Հոգյակս, այս ի՞նչ նոր տեղ ա,- դիմեց նա ինձ հետաքրքրությամբ։
-Ինստագրամ ա, տա, նկարներ ես դնում։
-Լավ,- հաստատակամ ասաց նա,- ինձ էլ սրանից կբացես։
Ճիշտ է, տատիկիս բացատրեցի, որ Ինստագրամը միայն սմարթֆոնների վրա է աշխատում, բայց չեմ կարծում, որ այդ փոքրիկ խոչընդոտը կարող է խանգարել տատիկիս հետաքրքրասիրությանը եւ նոր բաներ բացահայտելու անսահման ցանկությանը։
No comments:
Post a Comment