Լուսանկարչության զարգացման
հետ սելֆիները (անգլերեն self – ես, ինքս բառից) հանրահայտ են
դառնում այնպիսի մարդկանց
շրջանում, ովքեր իրենց կարող էին
թույլ տալ բավականին թանկարժեք
լուսանկարչական խցիկներ ունենալ:
Ասեմ, որ դեռահաս աղջիկները
անցած դարում էլ սեր ունեին
ինքնանկարներ անելու հետ: Անգամ Անաստասիա Ռոմանովան է
տասներեք տարեկանում հայելու մեջ
սելֆի նկարել ընկերուհուն ուղարկելու
համար:
Մեր օրերում սելֆիներն արվում են գրեթե նույն նպատակով՝
ընկերների հետ կիսվելու: Իհարկե,
հիմա դա անելու համար ստեղծված
պայմանները չես համեմատի 20-րդ դարի սկզբին եղածների հետ:
Տեխնիկան այնքան է զարգացել, որ
հեռախոսների վրա բացի սովորական
տեսախցիկից, կա նաեւ առջեւի կամերա՝ հատուկ սելֆի նկարելու
համար (ուրիշ էլ ինչի՞ համար այն կարող էր պետք գալ): Բացի այդ, մեր հնարավորությունները էլ
ավելի է ընդարձակում ինտերնետը:
Բազմաթիվ սոցիալական ցանցերը,
ինչպես օրինակ, Facebook-ը,
Instagram-ը, Flickr-ը թույլ են տալիս
ներբեռնել ձեր սելֆիները իրենց
կայքեր եւ ստանալ like-եր եւ սրտիկներ
ձեր ընկերների կողմից: Իսկ ItisMee.com կայքը ստեղծված է հենց միայն
սելֆիների համար:
Հատկապես մեծ պահանջարկ
սելֆիներն ունեն երիտասարդ
աղջիկների եւ տղաների շրջանում:
Եթե դու 13-24 տարեկան ես,
ապա ըստ վիճակագրության քո
նկարած լուսանկարների 30%-ը պիտի որ սելֆի լինի: Չնայած
նման պոպուլյարությանը,
երիտասարդության շրջանում,
իրենց սելֆիներով չեն դադարում
զարմացնել նաեւ մեծահասակները:
Թերեւս ամենահայտնի սելֆին
արվել է այս տարվա Օսկար
մրցանակաբաշխության ժամանակ
հայտնի հեռուստահաղորդավար
Էլլեն Դեջեներեսի կողմից: Այն իր
մեջ անմահացրել է մեկ տասնյակ
հոլիվուդյան աստղերի եւ դարձել է ամենաշատ retweet արված
լուսանկարը (մոտ 3,5 միլիոն
անգամ): Սելֆին իր թեւերը տարածել
է անգամ քաղաքական աշխարհի
ներկայացուցիչների վրա: Վերջերս
մեծ աղմուկ էր հանել Նելսոն
Մանդելայի թաղման արարողության
ժամանակ նկարված սելֆին, որում Բարաք Օբաման անմիջականորեն
ժպտում էր Անգլիայի եւ Դանիայի
պրեմիեր-մինիստրների հետ միասին:
Անհավանական սելֆիների շարքին են
պատկանում նաեւ տիեզեքում արվածը,
որում տիեզերագնացի սկաֆանդրում
արտացոլվում է ամբողջ տիեզերական
կայանը, կամ օդաչուի կողմից արված
սելֆին, որում հասցրել էր բռնացնել
անգամ բաց թողնվող հրթիռը: Իսկ
երկնաքերների տանիքներին, մոտ 40
մետր բարձրությամբ Ռիոյում Հիսուսի
արձանի գագաթին կամ Հյուսթոնի
ցլավազքի ժամանակ ցլի առջեւով
վազող տղայի սելֆիները երեւի թե
ամենավտանգավորների շարքերում
են:
Հարց է առաջանում, արդյո՞ք
նրանց խելքը տեղն է: Եվ հարցին
անմիջապես պատասխանում է Ամերիկյան Հոգեբույժների
Ասոցիացիան, հայտարարելով, որ
սելֆին հոգեկան խանգարում է: Բայց սպասեք, պետք չէ անմիջապես
վազել հոգեբույժի մոտ, եթե դուք մի-
երկու ինքնանկար եք արել: Որպեսզի
ձեզ մոտ ախտորոշեն սելֆիտիս
(անդադար սելֆիներ նկարելու եւ
դրանք համացանցում տեղադրելու
ցանկություն), դուք պետք է առնվազն
ամեն օր երեքից ավելի սելֆի անեք եւ
ներբեռնեք սոցիալական ցանցեր:
Ինչեւէ, սելֆիներ տեսնելիս ես միայն
տխրում եմ, չէ որ այդ մարդիկ այնքան
միայնակ են, որ անգամ չունեն մեկը,
ում կարող են ասել. «Հեյ, ընկեր, ինձ
չե՞ս նկարի»:
No comments:
Post a Comment