Dec 30, 2014

#selfie


NASA astronaut Mike Hopkins 

Ռոբերտ Կորնելիուս: Երեւի ձեզանից ոչ մեկին ծանոթ չէ այս անունը, բայց դեռ 1839 թվականին հենց պարոն Կորնելիուսի մտքով է առաջին անգամ անցել ինքն իրեն լուսանկարել, ժամանակակից լեզվով ասած՝ սելֆի նկարել: Ճիշտ է, այն ժամանակ նա ձեռքի տակ չուներ որեւէ սմարթֆոն կամ պլանշետ, որոնք հիմա անչափ հեշտացնում են ինքնանկար ստանալու գործընթացը: Պատմության մեջ առաջին սելֆին նա ստացել է դագերոտիպի վրա՝ մի քանի րոպե անշարժ կանգնելով:
Լուսանկարչության զարգացման հետ սելֆիները (անգլերեն self – ես, ինքս բառից) հանրահայտ են դառնում այնպիսի մարդկանց շրջանում, ովքեր իրենց կարող էին թույլ տալ բավականին թանկարժեք լուսանկարչական խցիկներ ունենալ: Ասեմ, որ դեռահաս աղջիկները անցած դարում էլ սեր ունեին ինքնանկարներ անելու հետ: Անգամ Անաստասիա Ռոմանովան է տասներեք տարեկանում հայելու մեջ սելֆի նկարել ընկերուհուն ուղարկելու համար:
Մեր օրերում սելֆիներն արվում են գրեթե նույն նպատակով՝ ընկերների հետ կիսվելու: Իհարկե, հիմա դա անելու համար ստեղծված պայմանները չես համեմատի 20-րդ դարի սկզբին եղածների հետ: Տեխնիկան այնքան է զարգացել, որ հեռախոսների վրա բացի սովորական տեսախցիկից, կա նաեւ առջեւի կամերա՝ հատուկ սելֆի նկարելու համար (ուրիշ էլ ինչի՞ համար այն կարող էր պետք գալ): Բացի այդ, մեր հնարավորությունները էլ ավելի է ընդարձակում ինտերնետը: Բազմաթիվ սոցիալական ցանցերը, ինչպես օրինակ, Facebook-ը, Instagram-ը, Flickr-ը թույլ են տալիս ներբեռնել ձեր սելֆիները իրենց կայքեր եւ ստանալ like-եր եւ սրտիկներ ձեր ընկերների կողմից: Իսկ ItisMee.com կայքը ստեղծված է հենց միայն սելֆիների համար:
Հատկապես մեծ պահանջարկ սելֆիներն ունեն երիտասարդ աղջիկների եւ տղաների շրջանում: Եթե դու 13-24 տարեկան ես, ապա ըստ վիճակագրության քո նկարած լուսանկարների 30%-ը պիտի որ սելֆի լինի: Չնայած նման պոպուլյարությանը, երիտասարդության շրջանում, իրենց սելֆիներով չեն դադարում զարմացնել նաեւ մեծահասակները: Թերեւս ամենահայտնի սելֆին արվել է այս տարվա Օսկար մրցանակաբաշխության ժամանակ հայտնի հեռուստահաղորդավար Էլլեն Դեջեներեսի կողմից: Այն իր մեջ անմահացրել է մեկ տասնյակ հոլիվուդյան աստղերի եւ դարձել է ամենաշատ retweet արված լուսանկարը (մոտ 3,5 միլիոն անգամ): Սելֆին իր թեւերը տարածել է անգամ քաղաքական աշխարհի ներկայացուցիչների վրա: Վերջերս մեծ աղմուկ էր հանել Նելսոն Մանդելայի թաղման արարողության ժամանակ նկարված սելֆին, որում Բարաք Օբաման անմիջականորեն ժպտում էր Անգլիայի եւ Դանիայի պրեմիեր-մինիստրների հետ միասին: Անհավանական սելֆիների շարքին են պատկանում նաեւ տիեզեքում արվածը, որում տիեզերագնացի սկաֆանդրում արտացոլվում է ամբողջ տիեզերական կայանը, կամ օդաչուի կողմից արված սելֆին, որում հասցրել էր բռնացնել անգամ բաց թողնվող հրթիռը: Իսկ երկնաքերների տանիքներին, մոտ 40 մետր բարձրությամբ Ռիոյում Հիսուսի արձանի գագաթին կամ Հյուսթոնի ցլավազքի ժամանակ ցլի առջեւով վազող տղայի սելֆիները երեւի թե ամենավտանգավորների շարքերում են:
Հարց է առաջանում, արդյո՞ք նրանց խելքը տեղն է: Եվ հարցին անմիջապես պատասխանում է Ամերիկյան Հոգեբույժների Ասոցիացիան, հայտարարելով, որ սելֆին հոգեկան խանգարում է: Բայց սպասեք, պետք չէ անմիջապես վազել հոգեբույժի մոտ, եթե դուք մի- երկու ինքնանկար եք արել: Որպեսզի ձեզ մոտ ախտորոշեն սելֆիտիս (անդադար սելֆիներ նկարելու եւ դրանք համացանցում տեղադրելու ցանկություն), դուք պետք է առնվազն ամեն օր երեքից ավելի սելֆի անեք եւ ներբեռնեք սոցիալական ցանցեր: 
Ինչեւէ, սելֆիներ տեսնելիս ես միայն տխրում եմ, չէ որ այդ մարդիկ այնքան միայնակ են, որ անգամ չունեն մեկը, ում կարող են ասել. «Հեյ, ընկեր, ինձ չե՞ս նկարի»: