-Լիլ, Աննան չեկա՞վ,- հարցրեց ընկերուհիս՝ Եվան:
-Զանգել եմ, ասեց կոմպն ա միացնում, հիմա կգա,- պատասխանեցի ես:
-Իսկ Աչը չի գալի՞ս:
-Չէ, իրա մոտ ինտերնետը լավ չի, ինքը ուշ կկպնի:
-Երեխեք, ես եկա,- լսվեց Աննայի ձայնը,- ասեք ինչ բացեմ, ու սկսենք, առանց էդ էլ չենք հասցնում:
-Կուրսի e-mail-ին ուղարկած կա, բաց ու քաշի,- հուշեց Եվան:
-Եվ, գիտես չէ, դու ես կարդալու, էսօր կոկորդս մի քիչ ցավում ա,- զգուշացրեցի ես:
-Արդեն բացել եմ, դե կարդացեք,- ինչպես միշտ շտապեցրեց Աննան:
Իմ ու ինկերուհիներիս նման խոսակցությունը կարող է շատերի համար տարօրինակ և անտրամաբանական հնչել: Մինչդեռ մեզ համար քննությունների օրերին այն ազդարարում է պարապելու սկիզբը: Պարապում ենք մենք միասին, չնայած ամեն մեկս իրենց տանն է նստած լինում: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է ընդամենը համակարգչի, ինտերնետի և Skype-ի առկայությունը: Վերջինս մեզ հնարավորություն է տալիս խմբային զանգի միջոցով միառժամանակ երեք-չորս հոգով իրար հետ խոսել (ճիշտ է, մենք ավելի շատ հոգով էլ ենք փորձել, բայց այդ դեպքերում զանգի որակը շատ է իջնում, երևի ինտերնետի թուլության պատճառով): Խառնաշփոթից խուսափելու համար, ամեն անգամ ընտրում ենք մեկին, ով այդ օրը կկարդա նյութը, իսկ մնացածները լսում են և իրենց հերթին հետևում տեքստին: Եթե կարդալիս ինչ-որ հարց է ծագում կամ մի բան անհասկանալի է, տեղում քննարկում ենք, եթե անծանոթ տերմին է հանդիպում, օգտվում ենք օնլայն բառարաններից, իսկ եթե որևէ հարցի պատասխան չենք գտնում մեր գրքերում, մեզ օգնության են հասնում Google-ն ու Wikipedia-ն: Ինչ վերաբերում է գրքերին, դրանք էլ մեզ մոտ ստանդարտ տպագիր գրքերը չեն: Գրեթե ամբողջ մասնագիտական գրականությունը՝ սկսած անտիկ ժամանակաշրջանի փիլիսոփաների գրքերից մինչև ժամանակակից հետազոտություններն ու հոդվածները, կարելի է գտնել էլեկտրոնային տարբերակով: Մեր դասախոսներից շատերն անգամ իրենց դասախոսություններն են մեզ էլեկտրոնային տարբերակով ուղարկում, դասի ժամանակ դրանք թելադրելու փոխարեն: Այդպես շատ ժամանակ ենք խնայում, թե դասախոսության, թե պարապելու ընթացքում: Չէ՞ որ Word փաստաթղթի մեջ ընդամենը մի բառ փնտրելով, կարող ես գտնել այն հատվածը, որը քեզ անհրաժեշտ էր: Իսկ դասախոսության ժամը օգտագործում ենք ավելի հետաքրքիր թեմաներ քննարկելու համար «Բայց այդքան շատ համակարգչի առջև նստելը վնաս չէ՞ տեսողությանը»,- կհարցնեն ձեզանից շատերը: Մեր պատասխանը այդ հարցին հաճախակի ընդմիջումներն են. այդպես ոչ աչքերդ են հոգնում, ոչ էլ դու՝ շատ ինֆորմացիայից: Որպես հոգեբաններ, մենք մի քանի առավելություն էլ ենք գտել Skype-ով պարապելու մեջ: Նախ, խմբով կարդալը մեծացնում է պատասխանատվությունը: Եթե մենակ պարապելիս կարող էիր ծուլանալ, կարդալու փոխարեն ուրիշ բաներով զբաղվել, ապա այսպես դու գիտես, որ ընկերուհիներիդ պարապելը քեզանից է կախված, և եթե ուշանաս կամ չգաս կարդալու, նրանք էլ կտուժեն: Երկրորդը, այդպես ինֆորմացիան ընկալում ենք երկու տարբեր զգայարաններով միառժամանանակ՝ տեսողական ու լսողական, այսինքն հետո հիշելու հավանականությունը մեծանում է: Բացի այդ, միասին կարդալու ընթացքում նյութի վերաբերյալ քննարկումները, վեճերն ու կատակները օգնում են հետո ավելի խորը ու հիմնավոր հիշել կարդացածը: Ճիշտ է, փորձը ցույց է տալիս, որ երբեմն քննության ժամանակ կատակներն ավելի լավ ենք հիշում, քան բուն նյութը:
Մենք միշտ զարմանում ենք մեր այն համակուրսեցիների վրա, ովքեր սահմանափակում են իրենց գիտելիքները ընդամենը դասախոսության կոնսպեկտներով, մինչդեռ ինտերնետն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս տասնապատիկ անգամ շատն իմանալու:
