Oct 15, 2015

Հազարամյակի «մարտահրավերները»

Եթե շարքային ֆեյսբուքյան քաղաքացուն հարցնես, թե որոնք են հազարամյակի մարտահրավերները, նա դժվար թե մեջբերի Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից սահմանված ութը կարեւորագույն խնդիրները մարդկության համար (վերացնել ծայրահեղ աղքատությունն ու սովը, պակասեցնել երեխաների մահացությունը եւ այլն)։ Ավելի հավանական է, որ նրա մտքով կանցնի  թե ինչպես էին իրեն մարտահրավեր նետել մեկ դույլ սառցաջուր շուռ տալ գլխին։ 

Իսկ որտեղի՞ց սկսվեց մարտահրավերի նման հասկացությունը։ Կարող է շատ զարմանալի թվալ, բայց ամեն ինչ սկսվել է մի հիմար ալկոհոլային խաղից։ Մարդիկ, ստանալով մարտահրավերը իրենց ծանոթներից, պարտավորվում էին մոտակա քսանչորս ժամվա ընթացքում խմել կես լիտր գարեջուր, նկարահանել դա եւ վիդեոն տեղադրել սոցիալական ցանցերում, իր հերթին էլ մարտահրավեր նետելով իր ծանոթներին եւ ընկերներին։ «Nek nomination» անվամբ հայտնի այս խաղը հաշված օրերում գրավեց համացանցի մեծ մասը։ Այսպիսի գրեթե անիմաստ խաղի նման հաջողությունը չվրիպեց համաշխարհային բարեգործական կազմակերպությունների ուշադրւթյունից։ «Իսկ ինչո՞ւ չօգտագործել նման միջոցը լավ գաղափարներ տարածելու համար»,- մտածեցին մի քանի պայծառ ուղեղներ եւ ստեղծեցին «ice bucket challenge»-ը։ Ի տարբերւթյուն նախորդի՝ սառցե դույլի մարտահրավերը ուներ ավելի իմաստալի նպատակ. մարդկանց տեղեկացնել ALS (amyotrophic lateral sclerosis - կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ) հիվանդության մասին եւ նվիրատվություններ հավաքել այդ հիվանդության մասին հետազոտություններ անելու եւ դրա դեմ պայքարելու համար։ Նախաձեռնության մասնակիցները պետք է ընտրեին մի ամբողջ դույլ սառցաջուր իրենց գլխին լցնելու եւ հարյուր դոլլար ALS ֆոնդին փոխանցելու տարբերակների միջեւ։ Թեեւ շատերը մասնակցում էին «ice bucket challenge»-ին պարզապես ամառային մի շոգ օր հովանալու նպատակով, բայց ակցիան իր դրական կողմերն էլ ունեցավ։ Դրա շնորհիվ ավելի քան 115 միլիոն դոլլար հասույթ գոյացավ, որը կօգտագործվի հիվանդության բուժումը գտնելու համար։ Սառցե դույլի մարտահրավերը Հայաստան էլ է հասել։ Անգամ կրթության եւ գիտության նախարարն ու ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչն են միացել այս վեհ նախաձեռնությանը։

Բացի բարեգործական նպատակներից «մարտահրավերները» ավելի հաճախ զվարճացնելու կամ մշակութային գիտելիքներ ստուգելու միջոց են։ Վերջերս ֆեյսբուքահայության մեջ տարածված էր միմյանց ձեռնոց նետելը պարզելու, թե որոնք են ընկերների սիրած գրքերի կամ ֆիլմերի տասնյակը։ Մեկ այլ լայն տարածում գտած մարտահրավեր էր սիրած նկարչի աշխատանաքներից մեկը հրապարակելը։ Բացի ձեր գեղարվեստական ճաշակը ստուգող մարտահրավերներից, կան նաեւ այնպիսիները, որոնք ստուգում են ձեր կարողությունը մի գեղեցիկ բան ստեղծելու։ Օրինակ, ձեզ կարող են մարտահրավեր ուղարկել, որպեսզի դուք հինգ օր շարունակ հրապարակեք մեկական սեւ ու սպիտակ լուսանկար եւ ինքներդ էլ մարտահրավեր նետեք հինգ այլ մարդկանց։ Երբեմն մարտահրավերները կարող են մասնագիտական բնույթ էլ ունենալ։ Այդպես դիզայներերը կարող են միմյանց մարտահրավեր նետել նկարելու ինչ-որ հայտնի մարդու ծաղրանկարը, իրենց  տնային կենդանուն, անգամ հենց իրենց։

Կարծում եմ, նման մարտահրավերները այսքան լայն տարածում են գտնում, որովհետեւ ստեղծում են յուրատեսակ միասնության զգացում։ Ցանկացած գործողություն, անգամ սառցաջրով դույլը վրադ շուռ տալը, ավելի հաճույքով ես անում, երբ գիտես, որ այն նույն բանն անում են օվկայնոսից այն կողմ եւ նպաստում են լավ գաղափարի տարածմանը։
Ես էլ, օգտվելով առիթից, մարտահրավեր եմ նետում բոլոր կարդացողներին այսօր մի բարի գործ անել։

No comments:

Post a Comment